Ավագ դպրոցում անգլերենի դասավանդման մեթոդիկա
(ԱԴԱԴՄ)

Ավագ դպրոցում օտար լեզուների դասավանդումը նպատակաուղղված է սովորողների լեզվահաղորդակցական կոմպետենցիաի զարգացմանը, նրանց` լեզվակրթության ընթացքում առկա դժվարությունները ինքնուրույնաբար հաղթահարելու հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև խոսքային կարողությունների զարգացմանը նպատակաուղղված առավել փոխներգործուն մեթոդների ու ռազմավարությունների յուրացմանը: Միաժամանակ, ավագ դպրոցում օտար լեզուների ուսուցումը կոչված է էլ ավելի ընդլայնել սովորողների հաղորդակցական մշակույթն ու համագործակցելու կարողությունները, որոնք դյուրացնում են նրանց մուտքը համաշխարհային հանրություն և արդյունավետ գործելու հնարավորություններ ընձեռում: Չէ որ ուսուցման ժամանակ օտար լեզուն օգտագործվում է մի կողմից որպես ուսուցման/ուսումնառության նպատակ, (օրինակ, հումանիտար հոսքում մայրենի լեզվի եւ գրականության հետ մեկտեղ օտար լեզուն կոչված է նպաստելու հետագա բանասիրական կրթության հիմքերի ստեղծմանը), մյուս կողմից՝ որպես միջոց այլ առարկաներ ուսումնասիրելու համար(օրինակ, ֆիզիկայի, քիմիայի, պատմության, աշխարհագրության եւ այլ առարկաների մասին օտարալեզու նյութեր հավաքել), ինչը հնարավոր է մասնագիտական տեքստերի ուսումնասիրման միջոցով: