Անգլերենի դասավանդման մեթոդիկա դասընթացը ներկայացնում է ժամանակակից լեզվաքաղաքականության և լեզվակրթության գլխավոր մոտեցումներն ու պահանջները, լեզուների ուսուցման և ուսումնառության հայեցակարգերը, սկզբունքները, մեթոդներն ու տեխնոլոգիաները, լեզվակրթության մեկնաբանումը սոցիալական քաղաքականության տեսանկյունից, մասնավորապես բազմալեզվության, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական արժեքների սերմանումը, լեզվական միջոցների յուրացումն` ուղղված ժամանակակից լեզուների բնագավառում սովորողների հաղորդակցական կարողությունների ու հմտությունների զարգացմանը:
Դասընթացի շրջանակներում դիտարկվում են լեզուների դասավանդման ժամանակակից անձնակենտրոն, հաղորդակցական-ճանաչողական, հանրամշակութային և փոխներգործուն մեթոդներն ու մոտեցումները` հատկանշելով մասնավորապես լեզվական միջոցների(բառապաշար, քերականություն, հնչյունաբանություն) և հաղորդակցական կարողությունների (խոսել, լսել, գրել, կարդալ) փոխկապակցված ուսուցումը: Առանձնակի կարևորվում են նաև սովորողների ստուգման/ինքնաստուգման, գնահատման/ինքնագնահատման, ինչպես նաև դասի պլանավորմանը վերաբերող խնդիրներն ու գործընթացները: